ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Առաքել Մովսիսյանի որդին կմնա կալանավորված

Առաքել Մովսիսյանի որդին կմնա կալանավորված

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի մերժել է Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու գրավի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը։

Նշենք, որ Դավիթ Մովսիսյանը որպես մեղադրյալ է ներգրավված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով։

«Չեմ պատկերացնում, թե որոշման մեջ ինչ է գրած լինելու, որն իրավական տրամաբանության մեջ տեղավորվի։ Անգամ առանձնապես ծանր հանցագործության դեպքում էլ գրավ է կիրառվում՝ զուտ այս համավարակը հաշվի առնելով։ Սակայն Դավիթ Մովսիսյանի գործով յուրահատուկ մոտեցում են դրսեւորում եւ ապօրինության գնով ցանկանում են պահել կալանքի տակ»,- ասաց պաշտպանը։

Գեւորգյանը հայտնեց, որ պաշտպանյալը «Շուշի» ՔԿՀ-ում է պահվում, իրեն թույլ չեն տալիս տեսակցել նրան. «Ես դատարանում էլ հայտնեցի, որ «Շուշի» ՔԿՀ-ում պաշտպաններին թույլ չեն տալիս տեսակցել իրենց պաշտպանյալներին։ Պաշտպանյալս զրկված է հեռախոսակապից, արգելված է ցանկացած տիպի տեսակցություն։ Դատարանը դա հանգիստ կեցվածքով համարեց օրինաչափ։ «Շուշի» ՔԿՀ-ում ասում եմ, որ գրավոր դիմեմ, դուք ինձ գրավոր գրեք՝ արգելում ենք, ինձ ասում են՝ ում ուզում եք դիմեք, դուք գիտեք, թե ձեր դիմում պատասխանե՞լու ենք։ Այդ ամենը դատարանում հայտարարում եմ եւ դատավորի դեմքի արտահայտությունից հասկանում՝ մեկ է իր համար»։

Պաշտպանն ասաց, որ գրավոր դիմել է նաեւ ՄԻՊ-ին, «Մանրամասն ներկայացրել եմ խնդիրը, սակայն որեւէ արձագանք դեռեւս չեմ ստացել։ ՀՀ-ում այս պահին չկա որեւէ ներպետական մարմին, որը համահունչ արձագանք կտա խախտված իրավունքներին»։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

 

  • Կիսվել: