հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արական սեռի 3647 քաղաքացի, վերադառնալով հայրենիք, ենթարկվելու է քրեական պատասխանատվության. ԼՀ-ն դիմել է Փաշինյանին

Արական սեռի 3647 քաղաքացի, վերադառնալով հայրենիք, ենթարկվելու է քրեական պատասխանատվության. ԼՀ-ն դիմել է Փաշինյանին

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործության համաներման մասին նախաձեռնությամբ։

«Ըստ քննչական կոմիտեից ստացված տվյալների՝ համաներումը, հայտարարվելու դեպքում, տարածվելու է 3647 արական սեռի քաղաքացու նկատմամբ։ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվել։ Ըստ այդմ՝ այս պահին հետախուզման մեջ է 27 տարին լրացած (ոչ զինապարտ) արական սեռի 3647 քաղաքացի, որոնց նկատմամբ նշյալ օրենքը չի գործելու և, հետևաբար, նրանք, վերադառնալով հայրենիք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։

Բնականաբար, նրանցից ոչ ոք չի ցանկանա վերադառնալ՝ առնվազն մինչև քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալը»,-նշել է նա:

Ըստ Մարուքյանի՝ դեմոգրաֆիայի խնդիրն այդպիսով միայն խորանալու է, մինչդեռ այդ քաղաքացիները, նրա խխոսքով, կարող են վերադառնալ ու դառնալ պահեստազորի զինվոր, կազմել ընտանիք, ունենալ զավակներ, աշխատել այստեղ և ներդրում ունենալ հայրենիքի շենացման գործում։

ԼՀ խմբակցության ղեկավարը նշել է, որ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը, կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք:

Ըստ այդմ, ըստ Մարուքյանի, Ազգային ժողովի խմբակցությունը կամ պատգամավորը չի կարող համաներման մասին օրենքի նախագիծ ներկայացնել։ Նա ընդգծել է, որ նման նախաձեռնությամբ Ազգային ժողովին կարող է դիմել միայն կառավարությունը։

Մարուքյանը հավելել է. «Վերջին համաներման շրջանակը տարածվել է անգամ առանձնապես ծանր որոշ հանցագործությունների վրա, մինչդեռ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը (327-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը) միջին ծանրության հանցագործություն է»։

  • Կիսվել: