Առաջիկայում կանցկացվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ․ նախարար
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ կանցկացնի:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում են նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատանքները:
«Մենք արդեն պլանավորել ենք, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ: Խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք, ըստ էության, արդեն մշակվել են»,–ասաց Գալյանը:
Նախարարն այլ մանրամասներ չհայտնեց: Նշեց՝ կքննարկեն՝ նիստը ուղիղ եթերում կհեռարձակվի՞, թե՞ ոչ:
«Միևնույն է, հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել նիստում և ինչ որոշումներ են կայացվել»,- վստահեցրեց նախարարը: