չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Առաջարկվում է ընդլայնել գործուն զղջման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելուն առնչվող հարցերի իրավակարգավորման շրջանակը. նախարար

Առաջարկվում է ընդլայնել գործուն զղջման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելուն առնչվող հարցերի իրավակարգավորման շրջանակը. նախարար

Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել գործուն զղջման հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելուն առնչվող հարցերի իրավակարգավորման շրջանակը՝ ներառյալ նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի գործող քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատել գործուն զղջման դեպքում։ Քաղաքացին կարող է օգտվել այս հնարավորությունից, եթե նա առաջին անգամ է կատարել հանցագործություն և այն ոչ ծանր կամ միջին ծանրության է, ինչպես նաև եթե այդ անձը համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղադրվող արարքը։ Այս հնարավորությունը գործում է նաև այն դեպքում, եթե քաղաքացին փոխհատուցել է վնասը։

Այսինքն՝ գործուն զղջմամբ մեծ նշանակություն է տրվում քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցությանը, մեղքի ընդունմանը, պատճառված վնասի հատուցմանը։

՛՛Նախաքննական մարմինների ներկայիս ծանրաբեռնվածության պայմաններում նման իրավակարգավորումը շատ կարևոր է, քանի որ այն թեթեւացնում է թե՛ նախաքննական մարմինների, թե՛ դատարանների աշխատանքը՛՛,- ասաց նախարարը։

Նախագծով սահմանվում է նաեւ, թե որ դեպքում քաղաքացին գործուն զղջալու դեպքում չի կարող խուսափել պատժից ու քրեական պատասխանատվությունից։

Մինասյանի խոսքով, դրանք են խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու թաֆիքինգը կամ շահագործումը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է ծանրացնող հանգամանքներում, ահաբեկչությունը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցութունները չարաշահելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, իշխանությունը յուրացնելը, ՍԴ կարգը տապալելը, խոշտանգումը և բոլոր այն հանցագործությունները, որոնց մասով նախատեսվում է ցմահ ազատազրկում:

Միևնույն ժամանակ, այս իրավական կարգավորումը կիրառելի չէ, եթե տուժողը 14 տարին չլրացած անձ է, կամ եթե անձը չի կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն գիտակցել իր նկատմամբ կատարված հանցագործության բնույթն ու հետևանքները հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր հետամնացության պատճառով։

 

  • Կիսվել: