Առաջարկվում է սահմանել դրույթ, ըստ որի՝ դատական նիստին հնարավոր կլինի մասնակցել տեսակապով
««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեակատարողական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի հիմնական տրամաբանությունը հեռավար դատական նիստերի անցկացման հնարավորության ապահովումն է տեսակապի միջոցով: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 18-ին հրավիրված հերթական նիստում:
Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել դրույթ, ըստ որի՝ դատական նիստին հնարավոր կլինի մասնակցել տեսակապով ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ:
Նախագծի նպատակն է ապահովել հասարակական կարգի և առողջության պաշտպանությունը, վարույթի մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանցագործությունների կանխումը, ինչպես նաև դատական քննության իրականացումը ողջամիտ ժամկետներում:
Արմեն Ղազարյանը նշել է, որ նման փորձառություն կիրառվել է նաև COVID-19 համավարակի ժամանակ, երբ կարճաժամկետ կարգավորումների միջոցով ապահովվել էր հեռավար մասնակցության հնարավորությունը: Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ևս արձանագրել է, որ տեսակապով մասնակցությունը կարող է համարվել ընդունելի՝ համապատասխան ընթացակարգային երաշխիքների առկայության դեպքում:
Նախագծով նախատեսվում են մի շարք ընթացակարգային երաշխիքներ՝ ապահովելու համար մեղադրյալի և դատապարտյալի լիարժեք մասնակցությունը դատական նիստին: Մասնավորապես՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Նա պետք է գտնվի մեղադրյալի գտնվելու վայրում՝ քրեակատարողական հիմնարկում կամ ձերբակալվածների պահման վայրում, սակայն իր միջնորդությամբ կարող է մասնակցել նաև նիստերի դահլիճից: Պետք է երաշխավորվի, որ վարույթի բոլոր մասնակիցները տեսնեն և լսեն միմյանց: Մեղադրյալը և պաշտպանը պետք է հնարավորություն ունենան խորհրդապահական կարգով հաղորդակցվելու: Մեղադրյալը պետք է կարողանա տեսակապի միջոցով հետազոտել ապացույցները, իսկ դատապարտյալը՝ ծանոթանալ գործի նյութերին:
Եթե վերոնշյալ երաշխիքներից որևէ մեկը հնարավոր չլինի ապահովել, դատական նիստը կշարունակվի ընդհանուր կարգով՝ առանց տեսակապի կիրառման:
Տեսակապով մասնակցություն չի իրականացվի նաև այն դեպքում, երբ դրա դեմ փաստարկված առարկություն է ներկայացնում մեղադրյալը կամ հանրային մեղադրողը, իսկ դատապարտյալի դեպքում՝ դատախազը կամ պատիժը կատարող հիմնարկի ներկայացուցիչը:
Տեսակապի կազմակերպումը կիրականացվի պետության կողմից՝ ապահովված և անվտանգ կապի միջոցներով: Տեխնիկական բնութագրերը, չափանիշներն ու կիրառման կարգը հետագայում կսահմանի Կառավարությունը:
Նախագծում ներառված են նաև անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մինչև տարեվերջ նախատեսվում է տեխնիկական վերազինում իրականացնել ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում և դատական նիստերի դահլիճներում՝ ապահովելու համար համակարգի լիարժեք գործարկումը:
Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս փուլում հնարավոր է կիրառել այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն կրճատել դատավարությունների տևողությունը: «Ինչպես գիտեք, երկարատև դատական գործընթացները մեզ համար լուրջ խնդիր են առաջացնում. դատական նիստերը հաճախ ձգձգվում են, առաջանում են կազմակերպչական դժվարություններ, այդ թվում՝ ուղեկցումների հետ կապված»,- ընդգծել է նա:
Պատգամավորը նշել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է, այդ թվում՝ նաև հանձնաժողովում և հորդորել գործընկերներին կողմ քվեարկել նախագծին:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


