հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Առաջարկում ենք ընտրելու իրավունք վերապահել վերջին 2 տարում մեկ տարին ՀՀ–ում բնակված քաղաքացիներին. ՆԳ նախարար

Առաջարկում ենք ընտրելու իրավունք վերապահել վերջին 2 տարում մեկ տարին ՀՀ–ում բնակված քաղաքացիներին. ՆԳ նախարար

Ներկայացվող օրինագծի տրամաբանությունը հետևյալն է, որ ընտրելու իրավունք վերապահվի մեր այն քաղաքացիներին, որոնք ցույց են տալիս իրենց մշտական և կայուն կապը պետության հետ, իսկ դա հնարավոր է, օրինակ, և հատկապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելով և այստեղ մշտական բնակություն ունենալով։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական մի քանի պատգամավորների նախաձեռնությանը, որոնք առաջարկում են թույլ տալ մասնակցել ընտրություննեևրին միայն այն ՀՀ քաղաքացիներին, որոնք վերջին մեկ տարում առնվազն 6 ամիս ապրել են Հայաստանում։

«Ընդ որում, այս առումով միջազգային պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, որոնք ռեզիդենտության կանոնը նախատեսում է տարբեր պրոցեսների շրջանակներում։ Օրինակ, առողջության ապահովագրության պրոցեսի շրջանակներում ևս ռեզիդենտության կանոնը կա, և նմանատիպ մոտեցումները նաև մեզ թույլ են տալիս մտածելու, որ տվյալ անձը այստեղ բնակվելով ունի կայուն և մշտական կապ Հայաստանի Հանրապետության հետ և հետևապես ավելի լայն ծավալով պիտի օգտվի առկա բոլոր իրավունքներից»,–ասաց նա։

 

Հարցին, թե կա՞ն հաշվարկներ, թե քանի մարդ է այս ընտրություններում դրսից եկել քվեարկել, որ անհրաժեշտություն է առաջացել նման կարգավորում մտցնել, և որն անհանգստացերլ է իշխանություններին, ՆԳ նախարարը պատասխանեց. «Նախագիծը կարող է միտված լինել ժողովրդի իշխանության մասով ավելի ճշգրիտ լուծումներ նախատեսելուն և պարտադիր չէ, որ ինչ-որ մի բանից ինչ-որ մեկը անհանգստանա, որպեսզի այս պրոցեսը լինի։ Այս նախագիծը հանրային պահանջի արդյունք է, որովհետև մի քանի ամիս շարունակ մեր քաղաքացիները անընդհատ բարձրաձայնել են նաև այս հարցը, որ պիտի անդրադարձ կատարվի ընտրական իրավունքին և հասկանանք, թե որ քաղաքացիներն են, որոնք պիտի մասնակցեն ընտրությանը։ Ես իմ խոսքում էլ նշեցի, որ ժողովուրդը որպես իշխանության կրող և անձինք որպես ընտրության մասնակից, նրանց ծավալները կարող են տարբերվել, որովհետև, օրինակ, ՏԻՄ ընտրության ժամանակ դու կարող ես լինել ՀՀ քաղաքացի, բայց դու կարող ես չբավարարել տվյալ ՏԻՄ–ում մշտական բնակության հաշվառման կանոնին և հետևապես չընդգրկվես ընտրացուցակներում որպես քվեարկելու իրավունք ունեցող անձ։

Այս նախագծով առաջարկվում է մշտական բնակության ցենզ նախատեսել նաև համապետական ընտրությունների ժամանակ։ Կառավարության առաջարկն այն է, որ այն լինի պասիվ ընտրական իրավունքի կեսի չափով, այսինքն երկու տարում վերցնենք որպես չափանիշ, և դրա շրջանակներում, եթե անձը մեկ տարի մշտական բնակություն ունի Հայաստանի Հանրապետությունում, ապա կարողանա մաս կազմել սկզբում նախնական, ապա վերջնական ցուցակների և գնալ քվեարկության։ Կարծում եմ, սա ևս մեկ կարևոր քայլ է իրական ժողովրդի իշխանության երաշխավորման։

Ընդ որում, ես ուզում եմ նաև ցրել բոլոր այն մտահոգությունները, որոնք կարող են կապված լինել նաև Սփյուռքի հետ։ Դու կարող ես, օրինակ, այս ընտրությունների ժամանակ բավարարել ցենզին, հաջորդ ընտրության ժամանակ չբավարարել ցենզին և չմասնակցել ընտրություններին։ Այսինքն այն ունի վերականգնող բնույթ։

Չընտրելը դեռևս չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է իր այդ քաղաքացուց։ Ընդամենը կառուցակարգեր են»,– ընդգծեց Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ ինքը խնդիր չի տեսնում, որ նախագիծը արտահերթ նիստով է բերվում քննարկման. «Գործընկերները հասցրել են նաև հանրային քննարկում կազմակերպել նախագծի շուրջ, կան հիմնական մտքեր փոխանակված։ Կա կարծիքների փոխանակման հնարավորություն, վստահ եմ, որ արտահերթ նիստի շրջանակներում ևս կլինեն դիտարկումներ և եթե պատգամավորները նպատակահարմար համարեն այս կամ այն առաջարկի ընդունումը, ապա վերջնական քվեարկությանը կդնեն»։

  • Կիսվել: