երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արագ սննդի կետի մոտ մի քանի հոգու դանակահարած երիտասարդը հայտնաբերվել է. ոստիկանության տեսանյութը

Արագ սննդի կետի մոտ մի քանի հոգու դանակահարած երիտասարդը հայտնաբերվել է. ոստիկանության տեսանյութը

Հունվարի 6-ին, ժամը 16.40-ին, պարեկային ծառայության կարգախմբից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն, երեք անձ տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

 

Ժամը 17.00-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի. նա հայտնել էր, որ դանակահարվել է Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Հաջորդ հաղորդումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 19-ամյա, 18-ամյա և 25-ամյա երեք երիտասարդ: 25-ամյա երիտասարդի վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, և նա հիվանդանոցում մահացել էր:

 

Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոցներ տեղափոխվածներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը դեպքի մասնակիցներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին 18-ամյա երիտասարդը Լեփսիուսի փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել, սպանության և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: