չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ապօրինի գույքի բռնագանձման մասով կունենանք առաջին 5 հայցերը. ՀՀ գլխավոր դատախազ

Ապօրինի գույքի բռնագանձման մասով կունենանք առաջին 5 հայցերը. ՀՀ գլխավոր դատախազ

Մինչև կիսամյակ դատարան կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման մասով առաջին 5 հայցերը՝ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին ի պատասխան:

«Սա մեր երկրի և շատ երկրների համար նախադեպը չունեցող նոր գործառույթ է: Դա արդեն նշանակում է բազում դժվարություններ: Կարծում եմ՝ 2020-ի համար նախատեսած մեր աշխատանքները ամբողջ ծավալով իրականացրել ենք:

Շուրջ 210 անձանց վերաբերյալ միայն 2020 թվականին, այս պահին՝ ևս 20-30 անձինք ավելացել են, այդքան մասով ուսումնասիրությունների վարույթներ են իրականացվում: Որոշակի իրավական խութեր կան առանձին դեպքերում»,- նշեց Դավթյանը:

Նրա խոսքով, մինչև կիսամյակ կլինեն առաջին 5 հայցերը, որոնք կներկայացվեն դատարան:

Անդրադառնալով հանցագործությունների թվի նվազմանը, նա նշեց․

«1695 դեպք է գրանցվել նախորդ տարի բնակարանային գողությունների, իսկ այս տարի արձանագրվել է 1258 դեպք: Շուրջ 400 դեպքով նվազել են բնակարանային գողությունները: Վերջին երեք տարում այդ ուղղությամբ մեր ձեռնարկած միջոցառումները, կարծում եմ, արդյունք են տվել: Իհարկե, մեր վերլուծությունները ցույց  են տվել, որ այդ դինամիկային նպաստել է այն հագամանքը,  որ համավարակով պայմանավորված՝ քաղաքացիները, որպես կանոն, բնակարաններում են գտնվել, քիչ են դուրս եկել, ինչը կանխարգելիչ նշանակություն է  ունեցել»։

  • Կիսվել: