Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը ուշացած, բայց կարևոր գործընթաց է․ Մասնագետ
Փաստաբան Արայիկ Պապիկյանը մեծ սպասումներ չունի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելուն ուղղված Գլխավոր դատախազի հանձնարարությունից, բայց շատ կարևոր նախաձեռնություն է համարում։
«Գործընթացն ուշացած է, քանի որ մինչև այն իրականացվի, շատ մարդիկ, զգալով՝ ինչ է իրենց սպասվում, գույքի վերադասավորումներ են կատարել, հետևաբար ժամկետի երկարաձգումը ապահովագրել է այդ գույքը, այդ իմաստով՝ սպասելիքները մեծ չեն», - InfoPort.am-ի հետ զրույցում նա ասաց նա։
Ըստ փաստաբանի, այս ապօրինի գույքի բռնագանձման գործողությունների թիրախում պարտադիր պետք է լինեն բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ՝ նախարարներ, պատգամավորներ, ինչու ոչ նաև՝ նախագահներ։
«Մեզանից որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պետական բյուջեից միայն աշխատավարձ ստացող անձինք չէին կարող նման հարստություն դիզել, կուտակել։ Օրինակ՝ վարորդի հաստիք զբաղեցնող անձը մի քանի միլիոն դոլար եկամուտներ է ունեցել, պատգամավորի աշխատավարձ ստացողը՝ դղյակներ է ունեցել կամ քաղաքի ամենամեծ առևտրի ցանցը, մի շարք ոլորտներում՝ մենաշնորհներ։ Այդպիսի անձանց անունները հասարակության յուրաքանչյուր անձ շատ լավ գիտի։ Ես կարծում եմ՝ դատախազության համար չպետք է խնդիր լինի հստակեցնել այդ անձանց շրջանակը ու զբաղվել նրանցով», - հավելեց նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելուն ուղղված հանձնարարություններ է տվել։ Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության իրականացումը, ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի, վերապահված է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս նոր ձևավորման փուլում գտնվող համապատասխան ստորաբաժանման: Այս գործառույթը նախատեսում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալների ձեռքբերումը:
Հիշեցնենք, որ օրենքի հիշյալ դրույթները ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից: Ներկայումս ընթացող ուսումնառության պրոցեսի ավարտման արդյունքում՝ սեպտեմբեր ամսից, նախատեսվում է ստորաբաժամման ձևավորումը։