ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապօրինի արդյունահանել են ձկներ՝ կենդանական աշխարհին պատճառելով զգալի չափերի վնաս. ՔԿ

Ապօրինի արդյունահանել են ձկներ՝ կենդանական աշխարհին պատճառելով զգալի չափերի վնաս. ՔԿ

 ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ ձկներ ապօրինի արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 33-ամյա բնակիչը ձկներ ապօրինի արդյունահանելու հարցում նախնական համաձայնության գալով 37-ամյա համագյուղացու հետ, 2020թ․ մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ից 20։00-ն ընկած ժամանակահատվածում, զանգվածային ոչնչացման եղանակ հանդիսացող էլեկտրական հոսանքի գործադրմամբ, վերոհիշյալ մարզի Շենիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարից ապօրինի արդյունահանել են «Կուրի կողակ» տեսակի ձկներ՝ կենդանական աշխարհին պատճառելով զգալի չափերի վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա եւ 37-ամյա համագյուղացիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի (ջրային կենդանիներ եւ բույսեր ապօրինի արդյունահանելը) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

  • Կիսվել: