երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գործարար Մանվել Տեր-Առաքելյանը դատարանում վիճարկում է նախարար Ռուստամ Բադասյանի որոշումը

Գործարար Մանվել Տեր-Առաքելյանը դատարանում վիճարկում է նախարար Ռուստամ Բադասյանի որոշումը

Վարչական դատարանը այսօրվա նիստում հետաձգել է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացրած հայցի հիման վրա դատական քննությունը:

Նիստը հետաձգվեց Տեր-Առաքելյանի փաստաբան Անի Անտոնյանի միջնորդության հիման վրա։ Վերջինը խնդրել էր հետաձգել նիստը երեխայի ծնվելու կապակցությամբ: Դատարանը որոշեց, որ միջնորդությունը հարգելի է ու հետաձգեց նիստը: Առայժմ հայտնի չեն հաջորդ նիստի օրն ու ժամը:

Նշենք, որ Մանվել Տեր-Առաքելյանը դատարանում վիճարկում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի որոշումը, որով նա չեղարկել է Պետռեգիստրի ընկերության լուծարման մասին որոշումը։

Ընդ որում, ինչպես PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Անի Անտոնյանը, նախարարը որոշում կայացնելիս ոչ մի հիմնավոր փաստարկ չի ներկայացրել: «Հարկ է նշել, որ նման որոշում արդարադատության նախարարը կայացրել է այս գործով մյուս կողմ հանդիսացող «Յունիբանկի» դիմումի հիման վրա», - նկատեց փաստաբանը:

Միաժամանակ, նա ընդգծեց, որ այս գործով արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը ավելի վաղ միանգամայն այլ որոշում էր կայացրել:

«Երբ դատարանը «Հին Էրիվան» հոլդինգը սնանկ ճանաչեց, սկսվեց նրա լուծարման գործընթացը, սակայն Պետռեգիստրի գործակալությունը, չգիտես՝ ինչու չցանկացավ գրանցել լուծարման գործընթացը՝ վկայակոչելով այն, որ Վերաքննիչ դատարանում այդ գործով արդեն իսկ հայց կա ներկայացված: Մինչդեռ դատական արգելք սնանկացման գործընթացի վրա չկար: Այդ հարցով արդարադատության նախարարություն դիմելուց հետո նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Պետռեգիստրի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել ու հանձնարարել հարցը նորովի քննել՝ օրենքին համապատասխան: Այդ ժամանակ Պետռեգիստրը ստիպված է եղել ըստ օրենքի  լուծարել ընկերությունը», -ներկայացրեց փաստաբանը:

Սակայն, այս գործով մյուս կողմը՝ «Յունիբանկ»-ը նույն հարցով դիմել է Արդարադատության նախարարություն՝ պահանջելով վերանայել հարցը՝ պատճառաբանելով, որ գործընթացը տեղի է ունեցել առանց իր մասնակցության։

«Այս անգամ մեզ անհայտ պատճառներով նախարար Ռուստամ Բադասյանը միանգամայն այլ որոշում է կայացրել, պարտադրելով Պետռեգիստրին չեղարկել լուծարման մասին իր որոշումը: Ստացվում է, որ նույն գործով նույն նախարարությունը տարբեր նախարարների օրոք տարբեր որոշումներ է կայացնում, այն դեպքում, երբ օրենքը մեկն է: Մեկ այլ հետաքրքիր բան էլ կա. եթե նախկին նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել էր Պետռեգիստրին հարցը քննել օրենքին համապատասխան, ապա նոր նախարար Ռուստամ Բադասյանը ուղղակի խառնվել է պրոցեսին՝ Պետռեգիստրին  հանձնարարելով չեղարկել հոլդինգի լուծարումը», - ընդգծեց փաստաբանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: