երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհաղթահարելի խոչընդոտ կար. Վիլեն Գաբրիելյանը՝ «Զենքի շրջանառության կարգավորման» նոր օրենքի մասին

Անհաղթահարելի խոչընդոտ կար. Վիլեն Գաբրիելյանը՝ «Զենքի շրջանառության կարգավորման» նոր օրենքի մասին

Ինչպես գիտեք, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքը, բազմաթիվ լավարկումներով հանդերձ, ունեցավ խնդիր, որն, ըստ էության, թույլ չէր տալիս օրենքը կիրառել լիարժեք, և առաջին անգամ զենքի թույլտվություն ստացող մեր քաղաքացիների համար, ըստ տեքստի և տեխնիկական պայմանների, փաստացի անհաղթահարելի խոչընդոտ կար: Այս մասին գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում։

«Խոչընդոտն, ըստ էության, ստեղծվել է այն պատճառով, որ ես ու որոշ գերատեսչությունների գործընկերներ չենք կարողացել, ճշգրիտ կոմունիկացիա անելով, եզրահանգման գալ ռազմամարզական կազմակերպությունների մասով: 

Ըստ այդմ, խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր ունենալ և լրացուցիչ հիմնավորումների կարիք լինի ռազմամարզական կազմակերպությունների մասով, ինչի համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված կազմակերպությունների շուրջ ամենաբարձր մակարդակով ընթանում են քննարկումներ, և առաջիկայում որոշումներ կլինեն նաև այդ մասով: Ես խորապես համոզված եմ, որ ՌՄԿ-երի կարիքը պետությունն ունի ոչ միայն նեղ մասնագիտական գործունեության շրջանակներում, այլև՝ համապարփակ առումով:
Երկրորդ․ ես քննադատությանը շատ դրական եմ վերաբերում, որովհետև առանց քննադատության՝ սխալներ գործելու հավանականությունը շատ ավելի մեծ է։ Ասեմ ավելին՝ ինձնից լավ ինձ ոչ ոք չի կարող քննադատել, բայց պետք է հստակ ընկալում լինի, որ քննադատությունը պետք է միտված լինի արդյունքի, այլ ոչ զուտ «գալոչկայի» համար մտահոգություն հայտնելու, իբր՝ տեսեք, մտահոգ եմ, տեսեք, ես ասել էի: 

Շատ հարգանքով եմ վերաբերում օրենքի շրջանակներում պահանջատիրությանը, սակայն ընդհանրապես հասկանալի չէ, երբ դա սկսում է դառնալ ուլտիմատումներով խոսելու ոճ, առավել ևս, երբ ձեր դեմ լուռ անանցանելի պատ չէ, այլ ձեզ ուշադրությամբ լսող մարդիկ, և վստահեցնում եմ, որ չլսվող մարդ չկա։ Ուշադրություն է դարձվում ցանկացած խոսքին, բայց երբ մտնում ես ուլտիմատումի դաշտ, փաստացի, ի սկզբանե կարող ես փակել խոսակցության հնարավորությունը, էլ չեմ ասում այն մասին, որ այդ ուլտիմատումն այլ տեղերում, սեփական նկատառումներից ելնելով, կարող են փորձ անել օգտագործել և վնաս հասցնել նրան, ինչ արվում է համընդհանուր շահի համար։

Երրորդ․ եկեք հասկանանք, որ չկա մի անձ, որը գիտի ամեն ինչ, և միայն իրար հետ հետևողականորեն աշխատելով, իրար լսելով, իրար առանց մեծամտության դրսևորումների ընկալելով կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են։

Եվ վերջինը․ վաղը կառավարության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Փոփոխությունը այս փուլում լինելու է միջանկյալ լուծումով, որպեսզի օրենքը կարողանանք ի վերջո աշխատեցնենք: Անմիջապես դրանից հետո շրջանառության մեջ եմ դնելու օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, որը շատ ավելի է լավացնելու և պարզեցնելու ընթացակարգերը:
Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն, հետևողական»։

  • Կիսվել: