ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անձամբ տեսել եմ այդ զինվորական կացարանի դիմացի մայթում գտնվող շինության վրա տեսանկարահանող սարք. փաստաբան

Անձամբ տեսել եմ այդ զինվորական կացարանի դիմացի մայթում գտնվող շինության վրա տեսանկարահանող սարք. փաստաբան

ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը չի բացառել, որ զինվորական կացարանի հրդեհի գործով այլ անձանց նկատմամբ նույնպես քրեական հետապնդումներ կիրականացվեն: Այս մասին այսօր ՀՀ զինվորական դատախազի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հրդեհից զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դատախազությունը պատասխանել է, որ այլ վարկածների գոյությունն այս պահին բացառված չէ. ընթանում է ստուգողական, քննչական, դատավարական գործողություններ՝ հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ: Կոնկրետ որեւէ արդյունք որեւէ վարկածի վերաբերյալ մեզ չի տրամադրվել սպառիչ տեղեկություն: Այս պահին այս վարույթի շրջանակներում թվով 5 անձ է քրեական հետապնդման ենթարկվում: Մամուլի ասուլիսին հրապարակված հարցերն այսօր բարձրացվել են: Բոլոր հարցերի վերաբերյալ ստացվել են տեղեկություններ՛՛:

Նա նաեւ հայտնեց, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել է: ՛՛Դատախազների մոտ համոզմունք չի ձեւավորվել՛՛,-ասաց փաստաբանը:

Նորիկյանի խոսքով՝ լեյտենանտի կողմից արված այն հայտարարությանը, թե տարածքում բենզին չի եղել, այդ հարցի առնչությամբ հանդիպմանը ստացվել է սպառիչ պատասխան:

՛՛Այս շիլաշփոթը, կասկածամտության մթնոլորտը, այս արհեստական պարտադրված պաշտոնական վարկածը գալիս է նրանից, որ մարդիկ իրենց լիազորություններից դուրս են եկել եւ փորձել են հանրային տրամադրություններ գեներացնել: Այդ անվստահությունն ավելի խորացավ, երբ նույն օրը լեյտենանտը հերքեց երկրի գործադիր իշխանության ղեկավարին: Թե հետագայում ի՞նչ զարգացումներ են եղել, հետագայում այդ լեյտենանտի եւ կառավարության նիստում արված հայտարարությունների, այդ լեյտենանտի վարքագծի որոշակի շեղումներն ինչով են պայմանավորված դա պետք է պարզել՛՛,-նշեց նա::

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ իրենք տեղեկացված են, թե կացարանից ո՛ր մարմինն է դուրս բերել զինծառայողների մարմինները: Իսկ ճշտող հարցին՝ արդյոք ԱԻՆ փրկարարնե՞րը, թե՞ ոչ՝ Նորիկյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց:

Նա նաեւ անդրադարձավ դեպքի վայրում հնարավոր տեսանկարահանումներ անելուն եւ ասաց, որ բացառում է, որ այնտեղ տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ արված չլինեն:

՛՛Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ պայմաններում են տեսանկարահանողները կամ լուսանկարահանողները տեսել զոհված զինծառայողներին: Այդ տարածքում եղել են տեսանկարահանող սարքեր, դրանց բովանդակության վերաբերյալ էլ մենք այս պահին չունենք տեղեկատվություն: Անձամբ տեսել եմ այդ զինվորական կացարանի դիմացի մայթում գտնվող շինության վրա տեսանկարահանող սարք, թեեւ դա որոշակի այլ ուղղությամբ էր, չեմ կարող հաստատել կամ հերքել, թե հրդեհի բռնկման պահին այդ սարքն աշխատե՞լ է, թե՞ ոչ, կամ ո՞ր ուղղությամբ է տեսանկարահանում իրականացվել՛՛,-նշեց Նորիկյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7-ը վիրավորում ստացել:

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի քանի հոդվածով: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա, որոնցից երեքը կալանքի տակ են:

  • Կիսվել: