շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անձամբ ես Մխիթար Պապոյանին համարում եմ շատ լավ դատավոր. Անդրեասյանը՝ գաղտնալսման մասին

Անձամբ ես Մխիթար Պապոյանին համարում եմ շատ լավ դատավոր. Անդրեասյանը՝ գաղտնալսման մասին

Անձամբ ես Մխիթար Պապոյանին համարում եմ շատ լավ դատավոր, և նրա անունը երբեք չեմ հնչեցնի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանին գաղտնալսելուն:

Նա ասաց, որ այն, թե ով կամ ինչու է գաղտնալսել Պապոյանին, արդարադատության նախարարի անելիքը չէ։ Դրա համար, նրա խոսքով, պետք է դիմել գաղտնալսման սանկցիա տված մարդկանց։ ՛՛Ես այդ գործի մանրամասներին ծանոթ չեմ և ի պաշտոնե պարտավոր էլ չեմ ծանոթ լինել՛՛,-ասաց նախարարը։

Անդրեասյանը նշեց նաեւ, որ դատավորների կոնկրետ անուններ չի տալիս, քանի որ չի ցանկանում ՝ իր ենթակա իրավաբանները թիրախավորեն որևէ մեկին։ Նա ասաց, որ միշտ խորհուրդ է տալիս դիտել քաղաքացիներից և իրավաբաններից ստացվող բողոքները բացառապես խախտման տրամաբանությամբ, այլ ոչ թե ումից են բողոքում:

Լրագրողի հարցին, թե կոնկրետ ինչ մեխանիզմներ է պատկերացնում վեթինգ իրականացնելու համար, Կարեն Անդրեասյանը նշեց, որ երկու ուղղությամբ է դա տեսնում՝ արդեն առկա գործիքակազմը և նոր գործիքակազմեր։

Այս առնչությամբ նա նշեց. ::Եղած գործիքակազմը կարգապահական պատասխանատվությունն է։ Նախարարն անի, թե ժողովուրդը, դա մի գործիքակազմ է, որը պետք է կիրառել։ Ես հիմա աշխատում եմ օրենքի տառին համապատասխան, որ կարգապահական պատասխանատվություններով համակարգից զտվեն օրենքները տրորած դատավորները՛՛:

 

  • Կիսվել: