Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներում տեղ գտած՝ Անի Օհանյանի գրառման դեպքով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի Օհանյանն ու Անդրեյ Հովնանյանը մշտապես բնակվել են ԱՄՆ-ում, իսկ հրապարակմամբ մատնանշված հանգամանքների վերաբերյալ ներկայումս այնտեղ առկա է դատական գործընթաց, հետևաբար՝ քննարկվող հրապարակմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179 հոդվածների կարգով ընթացք չի տրվել»,- հայտնում են Դատախազությունից։
Հիշեցնենք, որ 2024-ի տարեվերջին մամուլում հրապարակումներ եղան, որ երգիչն ու կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, բաժանվել են։ Տևական լռությունից հետո Անի Օհանյանը ապրիլին գրառում կատարեց, որում, թեև Անդրեի անունը չէր նշել, բայց բովանդակությունից պարզ էր դառնում, որ խոսում է նրա մասին։