չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անդրեա Վիկտորինին անհանգստացնում է ատելության խոսքը Հայաստանում

Անդրեա Վիկտորինին անհանգստացնում է ատելության խոսքը Հայաստանում

Ես ցնցվում եմ որոշակի մեկնաբանություններից, այն լեքսիկոնից, որն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ պետք է տիրեն բարեվարքության կանոններ, օրինակ՝ Ազգային ժողովում: Այս մասին այսօր ՛՛Ժողովրդավարության հայկական ֆորումի՛՛ ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նա նշեց, որ շատերը չեն հավանում իր տեսանկյունը, թեև ինքը զգալի առաջընթաց է տեսնում Հայաստանում, ինչպես նաև բարեփոխություն իրականացնելու զգալի հանձնառություն։ Դեսպանի խոսքով՝ կան խոչընդոտներ, թերություններ և անհրաժեշտ է բաց քննարկում, թե ինչ կարելի է ավելի լավ անել։

Անդրադառնալով ՀՀ-ում կանանց իրավունքներին, ԼԳԲՏ համայնքին, ընտանեկան բռնություններին՝ դեսպանն ընդգծեց, որ այստեղ մեր երկիրն անելիքներ ունի։

Վիկտորինի խոսքով՝ շատ ոլորտներում կա լավ համագործակցություն, օրինակ՝ Մարդու իրավունքների գրասենյակի հետ, սակայն կան նաև անհանգստացնող հարցեր:

՛՛Այն, ինչ ինձ անհանգստացնում է հիմա, ատելության խոսքն է այս երկրում։ Երբ լսում եմ որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որն օգտագործվում է, և այն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն։ Օրինակ՝ Ազգային ժողովը։ Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն։ Տեսնում եմ, որ երբ դուք ուրախ չեք, դուք կարող եք գտնել մի մարդ, որին կթիրախավորեք, և դա կարող է լինել վարչապետը, դա կարող է լինել միջազգային հանրությունը, և այնուհետև դա բարձրանում է մի մակարդակի, որտեղ ես ասում եմ՝ լավ, արդյոք ես ընդունու՞մ եմ այս քննադատությունը։ Ոչ, որովհետև դա անցնում է կարմիր գիծը՛՛,-նշեց նա:

ԵՄ դեսպանն ընդգծեց նաև միմյանց լսելու կարևորությունը: ՛՛Երբեմն դա շատ դժվար է։ Գոռալը հեշտ է, բայց պետք է միմյանց լսենք, այնուհետև զարգանանք որպես միջազգային հանրություն, ՄԱԿ-ի ընտանիք, որպես ինստիտուտներ, որոնք գտնվում են Հայաստանում, և տեսնել, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել։ ԵՄ-ն պատրաստակամ է, մենք շատ ակտիվ ենք տարբեր բարեփոխումների ոլորտում։ Մենք այն մարմինն են, որը միշտ պաշտպանում է մարդու իրավունքները, որովհետև մենք ամեն տարի ունենում ենք մարդու իրավունքների երկխոսություն՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: