Անակնկալներով և նվերներով լի օր՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր նախատոնական անակնկալներով ու սպասումներով մեծ միջոցառում. Երևանի խամաճիկների պետական թատրոնը ներկայացրել է ռեժիսոր Լիլի Էլբակյանի «Հենզելն ու Գրետելը» բեմադրությունը։ Դերասանական կազմի հետ միասին հիմնարկ էր այցելել նաև թատրոնի տնօրեն Ռուբեն Աբրահամյանը։
Հանդիսատեսին տոնական բարեմաղթանքներ է փոխանցել Ամանորի անբաժան խորհրդանիշը՝ Ձմեռ պապը՝ պարգևելով ջերմ մթնոլորտ և ժպիտներ։
Անակնկալները շարունակվել են նաև տոնական միջոցառման ավարտից հետո. Քրեակատարողական ծառայությունը, միանալով Մանկական զարգացման հիմնադրամի ամանորյա բարեգործական արշավին՝ հաջակցություն բազմաթիվ երեխաների և նրանց ընտանիքների, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի համար ձեռք էր բերել զարգացնող խաղեր, որոնցից մի մասը հանձնվել է ազատազրկված կանանց հետ հիմնարկում գտնվող մինչև երեք տարեկան երեխաներին՝ ստեղծելով հիշարժան ու ուրախ պահեր նրանց համար, իսկ մյուս մասը նվիրաբերվել է հիմնարկին՝ երեխաների զարգացմանն ու հոգատար միջավայրի ձևավորմանը նպաստելու նպատակով։


