երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ամուսինները վիճաբանել են երիտասարդների հետ. տեղի է ունեցել ծեծկռտուք. հարուցվել է քրգործ

Ամուսինները վիճաբանել են երիտասարդների հետ. տեղի է ունեցել ծեծկռտուք. հարուցվել է քրգործ

2020թ. հուլիսի 9-ին՝ ժամը 22:40-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի 44-ամյա բնակիչը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով եւ 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Կատարված քննչական գործողությունների եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի բակում ընտանեկան շան վրա գարեջուր լցնելու հարցի շուրջ ամուսինները վիճաբանել են մի խումբ երիտասարդների հետ, որին միջամտել են նշված շենքերի բնակիչները:

Վիճաբանության ժամանակ երիտասարդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իրենց մոտ եղած գարեջրի ապակյա տարայով հարվածել են վիճաբանության մասնակից տիկնոջ գլխին, ծեծի ենթարկել վերջինիս ամուսնուն, ձեռքերով, ոտքերով եւ շշերով հարվածներ հասցրել նշված շենքի բնակիչներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ վնասել շենքերի բակում կայանված ավտոմեքենան:

Վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածել է վերոհիշյալ շենքի 44-ամյա բնակչի կրծքավանդակի ձախակողմյան հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, գարեջրի ջարդված շշերի բեկորներ, վնասված ավտոմեքենա, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատատեխնիկական փորձաքննություններ, առգրավվել են կռփազենք, դանակ:

2020թ. հուլիսի 10-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մասնակիցներից մեկը՝ Արագածոտնի մարզի 23-ամյա բնակիչը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: