Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով եռօրյա աշխատաժողովը
Հուլիսի 17-ին Երևանում անցկացվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելում ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանություն» թեմայով եռօրյա աշխատաժողովի ամփոփիչ միջոցառումը։
Աշխատաժողովին մասնակցել են իրավասու պետական մարմինների, այդ թվում՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտների, երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող ցերեկային և շուրջօրյա հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ /IRZ, Երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։
Նրանք կարևորել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված նման նախաձեռնությունների իրականացումը՝ նշելով, որ եռօրյա աշխատաժողովը նպաստել է մասնակիցների գիտելիքների և գործնական հմտությունների ամրապնդմանը, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության խթանմանը։
Բացման խոսքում ընդգծվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի շարունակական իրականացման համատեքստում։
Աշխատաժողովի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը ներկայացրել է Պաշտպանի կողմից կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա նշել է, որ ՄԻՊ ուսումնասիրությունների համաձայն՝ շարունակում են արդիական մնալ կանանց նկատմամբ բռնության, հասարակական և քաղաքական կյանքում կանանց մասնակցության ոչ բավարար մակարդակի, առողջության պահպանման և տնտեսական իրավունքների իրացման հետ կապված խնդիրները։
Արմեն Նավասարդյանն անդրադարձ է կատարել նաև գենդերային հավասարության ապահովման և գենդերային հիմքով բռնության կանխարգելման ոլորտում առկա համակարգային մարտահրավերներին։
Աշխատաժողովի ընթացքում գերմանացի փորձագետները ներկայացրել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց աջակցության և պաշտպանության միջազգային փորձն ու կիրառվող մեխանիզմները։ Դասընթացն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով՝ ներառելով մասնագիտական քննարկումներ, փորձի փոխանակում և խմբային աշխատանքներ։
Եռօրյա աշխատաժողովի նպատակն էր նպաստել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով իրավասու մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Աշխատաժողովը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության հերթական նախաձեռնությունն է՝ միտված ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը:



