հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանքի նիստը հետաձգվեց

Ալկոհոլի թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանքի նիստը հետաձգվեց

Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանքի միջնորդության գործով նիստը հետաձգվել է, նրա նկատմամբ կորոնավիրուսի կրկնակի թեստավարում է նշանակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը։

«Քննչականը չհիմնավորված ու չպատճառաբանված կասկածանք ունի, թե իբրեւ առաջին թեստը եղել է ներգործության արդյունք, զուտ դրա համար կարծեմ ինչ-որ հարկադրանք են կիրառել եւ երկրորդ թեստավորումն են արել: Հիմա սպասում են երկրորդ թեստի պատասխանին, որ կարողանա այս քննության ընթացքը լուծեն»,-ասաց փաստաբանը` նշելով, որ կալանքի միջնորդությունը պետք է հրատապության կարգով վճռվի:

Նշենք, որ գործով մյուս երկու մեղադրյալները` արմավիրցի Արշակ Արշակյանն ու արարատցի Ավետիք Վարդանյանը երկու ամսով կալանավորվել են:

Փաստաբանը նշեց, որ մյուս մեղադրյալների հետ առերեսում եղել է եւ բոլորն էլ նշել են, որ ձեռք են բերել նորմալ սպիրտ եւ չեն մտածել, որ սպիրտի հետ կապված կարող է խնդիր առաջանալ:

Գոռ Գեւորգյանի կարծիքով` չպատճառաբանված որոշումով են փորձում կալանավորել 50-ամյա Աշոտ Հովսեփյանին . «Որոշումում չի երեւում ոչ կալանքի պատճառը, ոչ էլ հիմքը: Կալանավորման համար որպես հիմք դրել են փախուստը կանխելը, խոչընդոտելը քննությանը, որը կարտահայտվի իրեր թաքցնելով, որոնք որ հետագայում կարող են դառնալ իրեղեն ապացույց քրեական գործով ու վկաների վրա ազդելով: Նախ փախուստի մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ 2 օր է ինքը ազատության մեջ է ու բացի իր հիվանդությունով զբավելուց չի էլ փորձել այլ բանով զբաղվել, դրա մասին խոսք լինել չի էլ կարող: Իրեղեն ապացույցներ թաքցնելով, կամ վնասելով, դա տրամաբանական չի, քանի որ ինքն է ցուցմունք տվել եւ ու նկարագրել, թե որտեղ է պահում սպիրտը: Առավել անտրամաբանական է, որ կազդի վկաների վրա, քանի որ ինքն է տվել այն անձանց անունները, ում որ իրացրել է: Այսինքն բացի հասարակական հնչեղությունը իրացնելուց իրավունքից զուրկ մոտեցումը չի կարող արդարացնել Աշոտ Հովսեփյանի կալանավորումը: Միտումն այն է, որ ամեն ինչ անեն, միայն կալանավորեն»:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը այս պահին թոքաբորբ ունի կորոնավիրուսով պայմանավորված, ունի ծանր դրսեւորված շաքարային դիաբետ, օրը մի քանի անգամ ինսուլին են ներարկում, խնամքին էլ մեկ անչափահաս երեխա ունի:

Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին՝ ընդհանուր 46 դեպք, որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։

Դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ Ձերբակալվել էր երեք անձ:

 

  • Կիսվել: