Ալեքսանդր Սարգսյանի փողերի վրա դրված արգելանքը մասամբ հանվեց․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ էր ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 5 միլիարդ 92 միլիոն դրամ:
Այս քաղաքացիական գործով 2025-ի մարտ ամսին Հակակոռուպցիոն դատարանը նոր որոշում է կայացրել։ Այսպիսով, որոշման մեջ նշված է․ « 1․ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Թիվ ՀԿԴ/0105/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 05.02.2025 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը մասնակի՝ ապրուստի միջոցների և փաստաբանի վարձատրության մասերով վերացնել և նշված մասերով գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
2․Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 27.02.2025 թվականի որոշմամբ «Հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» Հակակոռուպցիոն դատարանի կողմից 05.02.2025 թվականին կայացված որոշման կատարման կասեցումը մասնակի՝ ապրուստի միջոցներին և փաստաբանի վարձատրությանը վերաբերող մասերով պահպանել՝ մինչև այդ մասերով գործի նոր քննության արդյունքում վերջնական դատական ակտի կայացումը, իսկ մնացած մասով՝ վերացնել»։
Սարգսյանի ներկայացուցիչ Վլադիմիր Գաբրիելյանին խնդրեցինք մեկնաբանել դատարանի որոշումը, թե սա ի՞նչ է նշանակում, ի՞նչ է բողոքարկվել, ի՞նչ է բավարարվել, փաստաբանը կտրականապես հրաժարվեց պատասխանել, մեր հարցերին մեկ պատասխան ուներ՝ գործի վերաբերյալ մեկնաբանություն տալը համաձայնեցված չէ իր վստահորդի հետ։
Իրավապահ համակարգից դատարանի այս որոշումը մեկնաբանում են այսպես, որ որոշակի գումարներ հայցի ապահովման միջոցի շրջանակներում սառեցված էին, եւ Սաշիկ Սարգսյանի փաստաբանները միջնորդել էին դրանց մի մասը ազատել արգելանքից, որպեսզի վճարեն հարկերը, փաստաբաններին և ապրուստի ծախսը հոգան։
Այսպիսով, փաստաբանի եւ ապրուստի միջոցների արգելանքը Վերաքննիչը հանել է եւ նշված մասերով գործն ուղարկել դատարան՝ նոր քննության։
Գլխավոր դատախազությանն էլ դիմեցինք՝ բողոքի, դրա վերաբերյալ որոշման մասին մեկնաբանություն ստանալու համար, մեզանից գրավոր հարցում պահանջեցին։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։