շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, այս մասին ասված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

Դատարանի որոշմամբ Դանիելյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

 Դանիելյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ բռնության գործադրմամբ խուլիգանությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 29-ին՝  Արամի փողոցի մերձակայքում։

Ալեն Սիմոնյանն ասում է, որ ընկերոջ հետ զբոսնելիս է եղել, տեսել է Արթուր Դանիելյանին և նրա ղեկավարած միաբանության այլ անդամների։ Դանիելյանին բարևել է, ինչին ի պատասխան՝ Դանիելյանը հայհոյել է, որից հետո ինքը գլխով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին։

Միջադեպից հետո և՛ Դանիելյանը, և՛ Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, սակայն այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Արթուր Դանիելյանը։

  • Կիսվել: