շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ախալքալաքում սպանության գործով մեղադրյալ Արթուր Գաբրիելյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել կալանքը

Ախալքալաքում սպանության գործով մեղադրյալ Արթուր Գաբրիելյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել կալանքը

Այսօր, օգոստոսի 11-ին, Ախալցիխեի շրջանային դատարանում հեռավար ռեժիմով կայացել է Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով դատավարությունը: Մեղադրյալ Ա.Գ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել նախնական կալանքը: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն։

Դատավոր Մարիկա Չիտաշվիլին Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու փաստով մեղադրյալին թողել է կալանքի տակ:

Դատախազ Մամուկա Քոմոշվիլին, պահանջել է՝ Ա.Գ.-ին կալանքի տակ պահել՝ ասելով, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալը կարող է խոչընդոտել հետաքննությանը կամ թաքնվել:

Ձերբակալված Ա.Գ.-ն և նրա փաստաբանը նույնպես համաձայնել են դատախազի միջնորդությանը, որ մեղադրյալը կալանքի տակ մնա։

«Այս փուլում, մեղադրյալի անվտանգության համար, մենք համաձայն ենք դատախազի հետ, որպեսզի որպես խափանման միջոց կիրառվի կալանքը», – դատական ​​նիստի ժամանակ ասել է Ա.Գ.-ի փաստաբան Տարիել Բալաբանիշվիլին:

Դատավորը 27-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրյալին որոշում է կայացրել կալանքի տակ պահել։

Վրաստանի գլխավոր դատախազությունը, օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Արթուր Գաբրիելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել նպատակաուղղված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերման, պահելու և կրելու հոդվածներով:

«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացրած հետաքննությամբ սահմանվել է, որ 2020 թվականի օգոտոսի 8-ին, երեկոյան ժամերին, Ախալքալաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած խոսակցության ու ֆիզիկական բախման ընթացքում, Ա.Գ.-ն, սպանության նպատակով հրազենից կրակելով Վ.Մ-ին կրծքավանդակի հատվածին, վիրավորել է նրան, ինչի հետևանքով Վ.Մ.-ն մահացել է հիվանդանոցի ճանապարհին»:

ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՎՕ-ի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով՝ խմբակային ակցիա կազմակերպելու և մասնակցելու համար, որն ուղեկցվում է բռնությամբ, կողոպուտ, ուրիշի ունեցվածքին դիտավորյալ վնաս պատճառելու և զենք օգտագործելու մասով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Միրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Կուլիկամցիներն այրել են կրակողի՝ Ա. Գաբրիելյանի սեփական տունը, հայրական տունն ու հյուրանոցը, ինչպես նաև կռվի մասնակիցներից՝ Կարեն Քոսյանի ու Գենա Զարմարյանի տները:

  • Կիսվել: