շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ահազանգ է եղել, որ «Օպել»-ում գտնվող անձինք ապօրինի զենք-զինամթերք ունեն․ բախում է կանխվել

Ահազանգ է եղել, որ «Օպել»-ում գտնվող անձինք ապօրինի զենք-զինամթերք ունեն․ բախում է կանխվել

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի քրեական հետախույզները հունվարի 14-ին ստացան հավաստի տեղեկություն, որ Բերքանուշ գյուղում կայանված «Օպել» մակնիշի մեքնայում գտնվող անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և եկել են վիճաբանելու տեղացի մի տղամարդու հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։

Հնարավոր վեճն ու զարգացումները կանխելու համար արագ արձագանքումն անհրաժեշտ էր: Ժամը 22-ին մեքենան հայտնաբերվեց Բերքաբեր գյուղում: «Օպելում» երեք հոգի էին, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը` Սևան քաղաքի բնակիչ: Նրանք տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժին: Խուզարկությամբ սևանցի 35-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվեց առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ՝ լիցքավորված երեք փամփուշտով, իսկ տաբատի գրպանից` գաղտնի փականով ծալովի դանակ:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

35-ամյա սևանցին ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: