կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանը փորձելու է հնարավորինս ձգձգել դատական ակտերի կատարումը, բայց վերջնարդյունքում դրանք միջազգային ճնշման ներքո կյանքի են կոչվելու. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանը փորձելու է հնարավորինս ձգձգել դատական ակտերի կատարումը, բայց վերջնարդյունքում դրանք միջազգային ճնշման ներքո կյանքի են կոչվելու. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանի քաղաքական հայտարարությունը տեղավորվում է իրենց արտաքին քաղաքական գծի մեջ՝ անկախ դատարանի հեղինակությունից, ակտի հիմնավորվածությունից նրանք մշտապես հերքում են դատական ակտերը և հստակ մեսիջ են հղում միջազգային հանրությանը, որ պատրաստակամ չեն ի կատար ածել Լեռնային Ղարաբաղի հարցում դատական որոշումները։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ Հաագայի որոշման Ադրբեջանի արձագանքին՝ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Սահակյանի խոսքով՝ պետք է գնահատել, թե Ադրբեջանն ինչպիսի ռեսուրս ունի չկատարելու միջազգային ակտերը․ «Այստեղ խոսքը ոչ միայն ՄԱԿ-ի դատարանի մասին է, այլ նաև Եվրոպական դատարանի: Մենք արդեն ունենք դատական ակտերի համակցություն, մենք ունենք նաև քաղաքական հայտարարություններ և կարծում եմ, որ Ադրբեջանը չունի բավարար ռեսուրս, որպեսզի տևական ժամանակ կյանքի չկոչի այդ ակտերի պահանջները:

Մենք անգամ Եվրոպական դատարանի օրինակով դա տեսանք, որ ինտենսիվացվեց աշխատանքը ԿԽՄԿ-ի հետ մարդասիրական կարիքներ ունեցող անձանց տեղաշարժն ապահովվեց, ավելին՝ անգամ երեխաների և ծնողների վերամիավորման նպատակներից ելնելով նրանք այդ տեղաշարժն ապահովեցին: Մենք այստեղ գործ ունենք ժամանակի գործոնի հետ, նրանք փորձելու են հնարավորինս ձգձգել ակտերի կատարումը և այս ժամանակահատվածում ուժեղացնել քաղաքական ճնշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ բարենպաստ փաստաթղթերի ստորագրում կազմակերպելու նպատակով: Վերջնարդյունքում, կարծում եմ, այդ ակտերը միջազգային ճնշման ներքո կյանքի են կոչվելու»:

Խոսելով Ադրբեջանի վարկանիշի մասին՝ Սահակյանն ասաց. «Այդ հայտարարություններով Ադրբեջանը վարկանիշային անկում է ունենալու, քանի որ ոչ թե ոտնձգում է Ադրբեջան-Արցախ, Ադրբեջան-Հայաստան կամ Ադրբեջան-միջնորդ երկրների փոխհարաբերություններին, այլ ոտնձգում է միջազգային կառույցների և նրանց հեղինակավոր դատական ատյանների դեմ: Կարծում եմ՝ միջազգային հանրությունն անպատիժ չի թողնի նաև այս ոտնձգությունը, եթե հանդուրժվի նման վարքը, ապա կարող է բացասական նախադեպ լինել և Ադրբեջանի նման հավակնություն ունեցող ոչ քաղաքակիրթ պետությունները կարող են հետևել այս օրինակին: Միջազգային կառույցները և ՄԱԿ-ի դատարանը գտել են բանալի, որպեսզի արգելափակեն պետությունների նման վայրի գործելակերպը»,- ասաց Սահակյանն ու ընդգծեց, որ Լաչինի միջանցքի բացելն ուղիղ կապված է միջազգային հանրության ճնշումից:

  • Կիսվել: