շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց

Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու որոշում կայացրեց:

Հիշեցնենք, որ Աբրահամ Մանուկյանը մեղադրվում է ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ։

Աբրահամ Մանուկյանի անունը հիշատակվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության մեջ, որը ներկայացրել էր Ազգային ժողով՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար:

Մասնավորապես՝ դատախազն իր միջնորդությունում նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Երևանշին» ընկերությունում կատարված խուզարկության ընթացքում են հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017թ. խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր:

«Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, ով մեղադրվում է Վերմիշյանին 5000 դոլար կաշառք տալու մեջ, ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9000 ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն, Սեդրակ Առուստամյանից և Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին:

 

 

  • Կիսվել: