ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աբրահամ Մանուկյանն ու նրա դեմ ցուցմունք տված անձն առերեսվել են․ պաշտպան

Աբրահամ Մանուկյանն ու նրա դեմ ցուցմունք տված անձն առերեսվել են․ պաշտպան

Ընտրակաշառքի գործով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին առաջադրվախ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա, ում հետ նախօրեին առերեսում է տեղի ունեցել։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը:

«Քիչ առաջ, 10 օրյա քննարկումից հետո, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ.Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ միջնորդությունը Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին:

Որոշումը որակում եմ որպես ակնհայտ անհիմն և անօրինական, նույնիսկ տեղին է անվանել «խայտառակ», մասնագիտական շրջանակներին «հայտնի» դատավոր Կ.Ֆարխոյանը կատարեց իր մշտական առաքելությունը ԱԱԾ-ի հանդեպ, կալանավորեց մարդու երեք տարի 4 ամիս վաղեմության միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեղադրանքով, որի շրջանակներում բոլոր քննչական գործողությունները ըստ էության ավարտվել են, այդ գործողություններին միջամտելու վտանգներ այլևս չկան, հունիսի 14-ից պատշաճ ներկայացել է քննությանը:

Դրա հետ պետք է նշել, որ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա,ով երեկ տեղի ունեցած առերեսման ընթացքում հաստատել է պարոն Մանուկյանի պնդումները,ինչը առոչինչ է դարձնում հիմավոր կասկածը:

Ուշագրավ է, որ Ֆարխոյանը բացարկման ենթակա անձ էր, իրավունք չուներ քննել միջնորդությունը, սույն գործի մայր գործով հարազատ եղբայրը մեղադրյալ է,որը գտնվում է նախաքնության փուլում ԱԱԾ-ի վարույթում, ինչը կաշկանդելու է նրան ԱԱԾ «սրտով չգնալը»: Կան այլ փաստարկներ ևս որոշման անօրինական լինելու համար: Որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան հենց երկուշաբթի օրը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանի որոշմամբ Աբրահամ Մանուկյանը կալանավորվել է։

Հիշեցնենք նաեւ, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Նշված գործով մեղադրյալ կարգավիճակ ունի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

 

  • Կիսվել: