հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԱԾ տնօրենը պարգևատրել է ոստիկանապետին

ԱԱԾ տնօրենը պարգևատրել է ոստիկանապետին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Արման Սարգսյանին՝ Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ:

«Մշտապես գտնվելով հասարակության ուշադրության կիզակետում և հավատարիմ մնալով Ձեր վճռական կեցվածքին՝ ակնհայտ է, որ Ձեզ հաջողվել է բարձրացնել ոստիկանի վարկանիշը հանրության շրջանում, որն անմիջականորեն կապված է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման հետ: Բարեփոխումների այս դժվարին ճանապարհին դուք հանդես եք գալիս որակական նոր մակարդակի վրա՝ սահմանելով հմտությունների ու արհեստավարժության բարձր նշաձող, որն արդյունք է տքնաջան և համառ աշխատանքի», - նշված է Է. Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձում:

Որպես երկու իրավապահ համակարգերի համատեղ ձեռքբերում՝ ԱԱԾ տնօրենը ընդգծել է հանցավորության դեմ պայքարում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մարմինների ուժերի և միջոցների համագործակցության ամրապնդումը և օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունավետությունը՝ որպես Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման կարևորագույն նախապայման:

ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը պարգևատրվել է «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով և արժեքավոր նվերով, իսկ ոստիկանության մի շարք աշխատակիցներ՝ «Մարտական համագործակցության համար» մեդալով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

  • Կիսվել: