չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԱԾ-ն հորդորում է անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներին չպատասխանել

ԱԱԾ-ն հորդորում է անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներին չպատասխանել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել` հորդորելով անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներին չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել:

«Հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ:

Անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել», - նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: