երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
24/7 ռեժիմով թարգմանչական ծառայություն` օտարազգի դատապարտյալների համար. հաղորդակցության խնդիրը լուծվել է

24/7 ռեժիմով թարգմանչական ծառայություն` օտարազգի դատապարտյալների համար. հաղորդակցության խնդիրը լուծվել է

Տարիներ շարունակ անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց հետ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների շփումը եղել է համակարգային խնդիր այն պատճառով, որ վերջիններս չեն տիրապետել անհրաժեշտ լեզուների, և չեն իրականացվել  թարգմանչական ծառայություններ, որոնք կօգնեն ապահովել արդյունավետ շփումն անազատության մեջ պահվող անձանց հետ:

Շփման հնարավորությունը մեծացնելու նպատակով փորձ է կատարվել ապահովել տվյալ լեզվին տիրապետող, անազատության մեջ գտնվող այլ անձանց կամ աշխատակիցների ներգրավումը: Արդյունքում՝ չի ապահովվել պատշաճ և պրոֆեսիոնալ մակարդակով հաղորդակցություն, տուժել են անազատության մեջ գտնվող անձինք, առավելագույնս չի ապահովվել նրանց հետ արդյունավետ շփումը, վերջիններս ավելի քիչ են ներգրավված եղել վերասոցիալականացման միջոցառումներին:

Կալանավորված անձանց և դատապարտյալներին Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով այս տարի առաջին անգամ հայտարարվել է մրցույթ: Մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող մասնակից, ում հետ կնքվել է պայմանագիր:

Պայմանագրի շրջանակներում իրականացվելու է առնվազն 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն, այդ թվում նաև՝ սուրդոթարգմանություն, ընդ որում՝ կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին՝ առանց բացառության) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում:

Նախաձեռնության արդյունքում այսուհետ կլուծվի անազատության մեջ պահվող, հայերենին չտիրապետող անձանց և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջև հաղորդակցության առկա բարդությունները, ինչպես նաև կստեղծվի առավել բարենպաստ միջավայր՝ անձանց իրավունքների իրացման և պարտականությունների պատշաճ կատարման համար։ 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

  • Կիսվել: