2024 թվականին աճել է հետախուզվող մեղադրյալների թիվը, բայց ավելացել է նաև հայտնաբերման ցուցանիշը
2024 թվականին հետախուզվել է 16 007 մեղադրյալ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1098-ով կամ 7.4 տոկոսով։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։
Հայտնաբերվել է 2196 հետախուզվող անձ, ինչը կազմում է 13.7 տոկոս։ Համեմատության համար՝ 2023 թվականին հետախուզվել էր 14 909 անձ, հայտնաբերվածների թիվը՝ 1877 կամ 12.6 տոկոս։
Այսպիսով՝ հայտնաբերման քանակական ցուցանիշը 2024-ին ավելացել է 319-ով կամ 17 տոկոսով, իսկ տոկոսային ցուցանիշը՝ 1.1 տոկոսային կետով։
Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով (զինվորական ծառայությունից խուսափելը և զորակոչից թաքնվելը) հետախուզվողների թիվը գերակշռող է ընդհանուր պատկերի մեջ, դատախազությունը ներկայացրել է նաև առանձին վիճակագրություն՝ բացառելով այս հոդվածով հետապնդվողներին։
2024 թվականին առանց 461-րդ հոդվածով հետապնդվողների հետախուզվել է 5097 մեղադրյալ, հայտնաբերվել է 1635-ը կամ 32.1 տոկոս։ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 4581 հետախուզվող, հայտնաբերվել էր 1479-ը կամ 32.3 տոկոս։
Այսպիսով՝ 2024 թվականին աճել է հետախուզվողների թիվը 516-ով կամ 11.3 տոկոսով, իսկ հայտնաբերման տոկոսը գրեթե անփոփոխ է մնացել։