շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2021 թվականի 3 ամիսների ընթացքում 7,7%-ով նվազել է հանցագործությունների ընդհանուր թվաքանակը

2021 թվականի 3 ամիսների ընթացքում 7,7%-ով նվազել է հանցագործությունների ընդհանուր թվաքանակը

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2021 թ. 3 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«2021 թ. երեք ամիսների ընթացքում, չնայած գերծանրաբեռնված օրակարգին,  ոստիկանությունն անվերապահորեն իրականացրել է իր հիմնական գործառույթները, զսպել հանցավորության և քրեածին տարրերի ակտիվությունը` օպերատիվ իրավիճակը պահելով վերահսկողության տակ:

Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ստորաբաժանումներն ամենօրյա և տևական մեծ ծավալի աշխատանք են իրականացրել ինչպես հասարակական կարգի և անվտանգության ապահովման, այնպես էլ  հանցավորության դեմ պայքարում:

2021 թ. 3 ամիսների ընթացքում 534-ով կամ 7,7%-ով (6965-6431) նվազել է հանցագործությունների ընդհանուր թվաքանակը, ինչը գլխավորապես պայմանավորված է սեփականության դեմ ուղղված հանցատեսակների, մասնավորապես՝ գողությունների (նվազում` 360) թվի նվազմամբ:

Գրանցված 6.431 դեպքերի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ (3.334 դեպք կամ 51,9%) և միջին ծանրության (1.950 դեպք կամ 30,3%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 82,2%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է սպանության՝ 18, սպանության փորձի՝ 12, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 221, այդ թվում` ծանր վնաս՝ 66, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված՝ 23, այդ թվում` բռնաբարության ու բռնաբարության փորձի՝ 4,   խուլիգանության՝ 59, այդ թվում՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված՝ 13, ավազակության՝ 13, կողոպուտի՝ 32, գողության՝ 2471, այդ թվում՝ բնակարանային՝ 325, խարդախության՝ 469, տրանսպորտային միջոցներ փախցնելու՝ 9, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների՝ 23 և յուրացման կամ վատնման՝ 94 դեպք:

2021 թ. 3 ամիսների ընթացքում վարույթում քննվող քրեական գործերով (նյութերով) անցնող 17016 (2020 թ. 3 ամիս՝ 14689) հանցագործության դեպքերից 49,3%-ով (2020 թ. 3 ամիս՝ 48,8%) առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ:

Գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 5 (2) դեպք:

 Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է 251 (340) կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք:

Կոռուպցիոն հանցագործություններից 94-ը (60) կաշառակերության դեպքեր են, 1-ը (6)՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 56-ը (60)՝ պաշտոնեական կեղծիքի, 40-ը (78)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 25-ը (21)՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

ՀՀ ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է ընդհանուր 49671 (54088) նյութ,  հարուցվել է 3311 (3518) քրեական գործ:

 

2021 թ. 3 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումները հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն են ապահովել հանրապետությունում անցկացված 694 զանգվածային միջոցառումների ժամանակ: Միայն Երևան քաղաքում անցկացվել է 297 զանգվածային միջոցառում, որոնցից 69-ը՝ հանրահավաքներ և երթեր:

ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 606 (2020 թ. 3 ամիս՝  451) ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 96 (195) ծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: