շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
2021-ին դատախազությունը ստացել է առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին վերաբերող 68 ազդարարում, 10-ով հարուցվել է քրգործ. Փոխնախարար

2021-ին դատախազությունը ստացել է առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին վերաբերող 68 ազդարարում, 10-ով հարուցվել է քրգործ. Փոխնախարար

ՀՀ գլխավոր դատախազությունում 2021 թվականին ստացվել է 75 ազդարարում, 68-ը վերաբերել է առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը՝  ներկայացնելով «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Փոխնախարարը կարծում է, որ անանունությունը պաշտպանության կարևորագույն միջոց է: Վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ անանուն են դիմում:

«Դա պաշտպանության կարևորագույն միջոցն է, հակառակ դեպքում, մենք ուղղակի չենք ունենա ազդարարումներ: Դրա վերացումը միանշանակ կբերի այդ ինստիտուտի իմաստազրկման», - ասաց նա:

Թումանյանցի խոսքով՝ 2019 թվականին Գլխավոր դատախազությունում ստացվել է 188 ազդարարում, բոլորը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, դրանցից 153-ը եղել են անանուն, 97-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 91-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներից 21-ով վարույթը կարճվել է, 59-ն ուղարկվել է օպերատիվ հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 17-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 5 ազդարարման դեպքով հարուցվել են քրեական գործեր:

2020 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման  համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որոնք ևս եղել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին վերաբերող: 119-ը եղել է անանուն, 91-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 33-ով՝ մերժվել վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 24-ով վարույթը կարճվել է, 86-ն ուղարկվել է օպերատիվ հետախուզական մարմին՝ ստուգելու համար տվյալները, 15-ն ուղարկվել էր ենթակայության: Մեկ ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:

«2021 թվականին ունեցել ենք 75 ազդարարում, 68-ը վերաբերել է առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: 75-ից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը, հարուցված ազդարարման վարույթներով 32-ի դեպքում վարույթը կարճվել է, 47-ն ուղարկվել ՝ օպերատիվ հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: Եվ 2021-ին 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ», - նշեց Թումանյանցը:

  • Կիսվել: