ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2019 թ. ընթացքում հետախուզվել է 15.350 մեղադրյալ, որոնցից հայտնաբերվել են 2354-ը կամ 15.3 %-ը

2019 թ. ընթացքում հետախուզվել է 15.350 մեղադրյալ, որոնցից հայտնաբերվել են 2354-ը կամ 15.3 %-ը

2019 թվականի ընթացքում հետախուզվել է 15.350 մեղադրյալ, որոնցից հայտնաբերվել են 2354-ը կամ 15.3 %-ը: Ասված է ՀՀ գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության զեկույցից:

Զեկույցում նշվում է, որ 2018 թվականի համեմատությամբ 2019 թվականին հետախուզվողների թիվը պակասել է 574-ով կամ 3.6 %-ով: Հետախուզվողների հայտնաբերման քանակական ցուցանիշը նվազել է 56-ով, իսկ տոկոսայինը՝ 2.3 %-ով: Ընդհանուր հանցատեսակների մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հետախուզվողների գերակշիռ թիվը հաշվի առնելով՝ նույն տվյալները ներկայացվում են առանց նշված հոդվածով հետախուզվողների տվյալների:

Այսպես. 2018 թվականին հետախուզվել է 3733 մեղադրյալ, որոնցից հայտնաբերվել է 1159-ը կամ 31.04 %-ը:

2019 թվականին հետախուզվել է 3639 մեղադրյալ, որոնցից հայտնաբերվել է 1109-ը կամ 30,47 %-ը:
Փաստորեն՝ 2018 թվականի համեմատությամբ 2019 թվականին հետախուզվողների թիվը պակասել է 94-ով կամ 2.51 %-ով: 2018 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հետախուզվել է 12191 մեղադրյալ, որոնցից հայտնաբերվել է 1251-ը կամ 10.26 %-ը:

2019 թվականին նշված հոդվածով հետախուզվել է 11711 մեղադրյալ, որոնցից հայտնաբերվել է 1245-ը կամ 10.6 %-ը: Փաստորեն՝ 2018 թվականի համեմատությամբ 2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հետախուզվողների թիվը պակասել է 480-ով կամ 3.9 %-ով, հայտնաբերման քանակական ցուցանիշը պակասել է 6-ով, իսկ տոկոսային ցուցանիշը բարելավվել է 4.5%-ով:

Դատախազությունը նշում է, որ հետախուզական աշխատանքների մասին խոսելիս հարկ է նշել, որ արձանագրվել են դեպքեր, երբ քննությունից թաքնվող անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու և տվյալ անձին հայտնաբերելու միջև ընկած ժամկետը շատ կարճ է եղել, ինչը ողջամիտ կասկածներ է առաջացրել հետախուզական աշխատանքների արհեստական արդյունքներ ապահովելու վերաբերյալ։ Նման իրավիճակները բացառելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազներին հանձնարարվել է նման դեպքերում պարտադիր քննության առարկա դարձնել մինչև հետախուզում հայտարարելը տվյալին անձին բերման ենթարկելու որոշումը չկատարելու, քննությունից թաքնվող անձի գտնվելու վայրը իրավասու պաշտոնատար անձանց նախապես՝ մինչև հետախուզում հայտարարելը հայտնի լինելու հանգամանքների շուրջ և այդպիսիք հայտնաբերելու դեպքում կիրառել դատախազական ներգործության միջոցներ։

  • Կիսվել: