հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
2019 թ-ին զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47 %-ով նվազել են. գլխավոր դատախազ

2019 թ-ին զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47 %-ով նվազել են. գլխավոր դատախազ

ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանական բանակում 2019 թվականին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա նաև ասաց, որ դեպքերից 29-ը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում։

Գլխավոր դատախազը համեմատության համար նշեց, որ 2018 թ-ին ԶՈւ-ում և ՊԲ-ում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որից զինվորական ծառայության անցնելու հետ կապված է եղել 38-ը։

«Այսինքն, 47%-ով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը»,- ընդգծեց դատախազը։

Ըստ Արթուր Դավթյանի, հատկանշական է, որ 2018 թ-ի համեմատ 2019 թ-ին կիսով չափ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը։

Բացի այդ, 36.4%-ով նվազել են զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը, 11.2%-ով՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքերը։

«Չնայած հանցագործությունների դեպքերի նվազման դրական միտումներին, 2020 թվականի առաջնահերթություններից է՝  անողոք պայքարը բանակում քրեական ենթամշակույթին բնորոշ դրսևորումների դեմ»,- ընդգծեց գլխավոր դատախազը։

Արթուր Դավթյանը կարևորեց ՊՆ-ի հետ համագործակցությամբ սպայական կազմի վարքագծի փոփոխության ուղղությամբ միջոցառումների շարունականության անհրաժեշտությունը։ «Հատկանշական է, որ շուրջ 33%-ով նվազել է սպաների շրջանում հանցավորության մակարդակը»,- հավելեց նա։

Գլխավոր դատախազը հայտարարեց, որ ԶՈւ-ում հակակոռուպցիոն պայքարը ևս շարունակում է բարելավվել։

«Ուսումնասիրությունների շրջանակում արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12 մլրդ դրամի վնաս, որը 2018 թ-ի արդյունքները գերազանցում է վեց անգամ»,- նշեց նա՝ հավելելով, որ 2019-ին դատախազական ներգործության կիրառմամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասի 1.2 մլրդ դրամ։

  • Կիսվել: