2 միլիոն դրամից ավելի էլեկտրական ծխախոտների գողությունները բացահայտվել են․ մեկ անձ ձերբակալվել է
Մայիսի 18-ի ուշ երեկոյան ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը. էլեկտրական ծխախոտերի խանութից գողություն էր կատարվել: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Նոր Նոքի բաժնից մեկնեց օպերատիվ խումբ: Տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը բացել, մտել էին խանութ և գողացել մեկ միլիոն 200 հազար դրամի էլեկտրական ծխախոտ:
Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` մայիսի 25-ին ստացվեց նմանատիպ նոր ահազանգ: Գայի պողոտայում գտնվող մեկ այլ խանութի կախովի փականի օղակը կոտրել և գողացել էին մեկ միլիոն դրամի էլեկտրական ծխախոտ: Այս հանցագործությունն էլ կատարվել էր ուշ երեկոյան, մութն ընկնելուց հետո:
Իրավապահների գործողություններն այս անգամ արագ արդյունք տվին: Պարզվեց, որ երկու գողությունն էլ կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը: Մայիսի 26-ի առավոտյան նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Նոր Նորքի բաժին:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: