ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2 եղբայրների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

2 եղբայրների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երկու եղբայրների կողմից թմրամիջոցների առերեւույթ ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Ախթալա համայնքի 28-ամյա բնակիչը, չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու եւ վերամշակելու լիցենզավորված գործունեություն իրականացնելու իրավունք, իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ մորաքրոջ 31-ամյա որդուն է իրացրել մարիխուանա տեսակի թմրամիջոց. վերջինս նշված թմրամիջոցն ապօրինի պահել է իր` Երեւանում գտնվող բնակարանին կից օժանդակ շինությունում, որը հայտնաբերվել եւ առգրավվել է կատարված խուզարկությամբ:

Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ Լոռու մարզի բնակիչը, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել եւ իր տան տարբեր հատվածներում ապօրինի պահել է 7 փաթեթներում փաթեթավորված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 154,11 գրամ, հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է նրա բնակարանում կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ախթալա համայնքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Երեւանի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի  266-րդ հոդվածի  1-ին մասով եւ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

  • Կիսվել: