Զրուցել եմ խմբակցությունների հետ, ԱԺ աշխատակազմին ևս հրահանգեցի պատրաստվել ԱԺ հնարավոր հատուկ նիստին. ԱԺ նախագահ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խնդրել է ԱԺ խմբակցություններին պատրաստվել հատուկ նիստին, որը կարող է հրավիրվել կառավարության նիստում արտակարգ դրություն հայտարարելու մասին հնարավոր որոշումից հետո:
Այդ կապակցությամբ ԱԺ նախագահը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Զրուցեցի ԱԺ խմբակցությունների ղեկավարության հետ և խնդրեցի ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին։ ԱԺ աշխատակազմին ևս հրահանգեցի պատրաստվել հնարավոր նիստին»։
Այնուհետև ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը․ Հոդված 48. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը գումարելու և անցկացնելու կարգը
1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
2. Եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:
3. Հարցի քննարկման ընթացքում՝ 1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր.
2) հարակից զեկուցում չի լինում. 3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն մշտական հանձնաժողովների և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:
4. Եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը՝
1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում և հրապարակվում է Կանոնակարգի 107-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.
2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված: