երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զովունի համայնքում բնակելի թաղամաս կկառուցվի

Զովունի համայնքում բնակելի թաղամաս կկառուցվի

Զովունի համայնքին նոր շունչ կհաղորդվի: «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր ներդրումը կունենա համայնքի սոցիալական ենթակառուցվածքների զարգացման գործում: Կառավարության նիստում հավանության արժանացավ ընկերությանը Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու նախագիծը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախատեսում է համայնքից ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով ձեռք բերել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող 3.3 հա մակերեսով հողամասը՝ դրա դիմաց վճարելով 150 միլիոն 531.576 դրամ, որը մոտ է շուկայական արժեքին: 

Ընկերությունը պարտավորվում է այդ տարածքում կառուցել բնակելի թաղամաս՝ 18 բնակելի և մեկ հասարակական շենք: Ընդհանուր տարածքի առնվազն 40 տոկոսը պետք է կազմեն կանաչապատման գոտիները:

«Ծրագրի ներդրումային արժեքը կազմում է 11 միլիարդ 898 միլիոն, և կառուցապատման աշխատանքները պետք է մեկնարկեն համապատասխան շինարարության թույլտվությունները ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, և թաղամասն ամբողջությամբ շահագործման պետք է հանձնվի 5 տարվա ընթացքում»,- ասաց նախարարը:

Ընկերությունը պարտավորվում է հողամասի առք ու վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո նաև Զովունի գյուղում իրականացնել դպրոցի, մանկապարտեզի կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծահաշվային արժեքով մոտ 50 միլիոն դրամի շինարարական և հիմնանորոգման աշխատանքներ:

  • Կիսվել: