կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Զորավարժություններն անցկացվում են ոչ թե սպառնալիքներից, մարտահրավերներից խուսափելու համար, այլ դրանց դիմագրավելու համար․ Սեյրան Օհանյան

Զորավարժություններն անցկացվում են ոչ թե սպառնալիքներից, մարտահրավերներից խուսափելու համար, այլ դրանց դիմագրավելու համար․ Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը ստեղծված իրավիճակում նպատակահամար չէ, քանի որ կարող է հավելյալ լարվածություն առաջացնել։

«Ընդհանուր առմամբ, զորավարժություններն անց են կացվում ոչ թե սպառնալիքներից, մարտահրավերներից խուսափելու համար, այլ ընդհակառակը՝ մարտահրավերներին, սպառնալիքներին դիմագրավելու համար»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը մանրամասնեց՝ զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը զորքերի պատրաստության կատարելագործումն է, իսկ ՀԱՊԿ շրջանակներում՝ նաև միջազգային փորձի փոխանակումը, հրամանատարների, շտաբերի, զորքերի պատրաստության աստիճանի բարձրացումը, ուստի, եթե մենք հրաժարվում ենք ընդհանուր առմամբ՝ զորավարժություններից և մասնավորապես՝ ՀԱՊԿ զորավարժություններից, դա հավասարազոր է, որ հրաժարվենք մեր զինված ուժերի կատարելագործումից։

«Սա՝ մեկ։ Երկրորդը՝ ո՞րն է այլընտրանքը։ ՀԱՊԿ-ի զորավարժություններին այսօր այլընտրանք գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Իհարկե, գոյություն չունի։ Մենք ՀԱՊԿ-ից դու՞րս ենք եկել։ Իհարկե, ոչ։ Այդպիսի բոլոր միջոցառումները , ընդհակառակը, այս վիճակում պետք է օգտագործել մեր զինված ուժերի պատրաստականության, ունակությունների բարձրացման համար»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

  • Կիսվել: