չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զորամասը վերածել են գումարի ու բացատրություն չկա՝ ինչի համար են դա արել. Ալեն Սիմոնյան

Զորամասը վերածել են գումարի ու բացատրություն չկա՝ ինչի համար են դա արել. Ալեն Սիմոնյան

Զորամասի տարածքը սեփականաշնորհվել է, հանձնվել է երրորդ անձի և դրանից հետո գրավադրվել է: Կա՞ որևէ բացատրություն: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագրի քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ճիշտ է մենք դատավորի կարգավիճակ չունենք, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է հասկանալ՝ կա՞ որևէ բացատրություն, թե ինչի համար են զորամասի տարածքը հանձնել երրորդ մեկին և դրանից հետո գրավադրել բանկում: Որևէ բացատրություն՝ պետական շահի համար, կամ որևէ բացատրություն եղե՞լ է այս ընթացքում»,- ասաց Սիմոնյանը:

Գլխավոր դատախազը պատասխանելով ԱԺ նախագահի հարցին նշեց, որ պետական շահի տեսանկյունից բացատրություն չի հնչել.

«Հիմնական բացատրությունը, որը որպեսիրավաբան ինձ հասկանալի է այս սխեմայի մեջ կայանում է նրանում, որ երրորդ անձի անունով գույքը գրանցելն ի սկզբանե նպատակ է ունեցել թաքցնել իրական գնորդին, այսինքն ցույց չտալ, թե ում է օտարվում տարածքը: Հետագայում բանկում գրավադրումը և շահառուին վեր հանելը, ով ստացել է բանկից գումար՝ մեզ հնարավորությունէ  տվել բացահայտել իրական սեփականատիրոջը:

Թույլ կտամ ինձ ասել՝ պետական շահի տեսանկյունից որևէ բացատրություն չի հնչել, բացատրությունները խիստ անորոշ են, ինչպես և տվյալ իրավիճակում կարող էր ակնկալվել, հատկապես, որ հողային օրենսգրքի ուղիղ պահանջ կա տվյալ տարածքները չօտարելու՝ այսինքն օտարման ուղիղ արգելք ունենալու վերաբերյալ»,-նշեց Աննա Վարդապետյանն ու ընդգծեց, որ այստեղ նույնիսկ հակասության մասին խոսք լինել չի կարող, որ կարող էին և օտարվել, և կարող էին չօտարվել և տվյալ իրավիճակում կողմնորոշվել են՝ օրինակ բանակի լավագույն շահից ելնելով:

Գլխավոր դատախազի խոսքով, փորձեր եղել են հիմնավորելու, որ ծախսատար էր, «մեզ այդքան տարածք անհրաժեշտ չէր, մենք նաև այդքան զինվորական միավորներ չունեինք այդ զորամասերում տեղավորելու համար, բայց դրանց որևէ փաստաթղթային հիմնավորումներ նախաքննությունը չի հայտնաբերել և նախաքննությանը չի էլ ներկայացվել»:

Ալեն Սիմոնյանն էլ հավելեց՝ «ժողովրդական լեզվով ասած՝ զորամասը վերածել են գումարի ու բացատրություն չկա՝ ինչի համար են դա արել»

  • Կիսվել: