շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա խարսխված միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: 

Նախարարներ Մնացականյանն ու Խրիստոդուլիդեսը հանգամանալից քննարկեցին 2019 թ․ հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ մեխանիզմի զարգացման հեռանկարները ու 2020 թ․ ապրիլին Երևանում նախատեսվող առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մանրամասները։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության հարցերին՝ այդ առնչությամբ կարևորելով ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության իրավական նոր հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Կողմերն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը

  • Կիսվել: