«Ժողովուրդ». Թովմասյանի հարցով քվեարկության ժամանակ երկու պատգամավոր քվեաթերթիկին հայհոյախառն արտահայտություններ են գրել
«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը երեկ, փակ գաղտնի քվեարկության արդյունքում ստանալով 98 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներ, հաստատվեց և կուղարկվի ՀՀ Սահմանադրական դատարան: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Բայց մինչ այդ քվեարկության արդյունքները հետաքրքիր պատկեր են ուրվագծում: Եթե «դեմ» և «կողմ» ձայները հասկանալի են, պատգամավորները կոնկրետ դիրքորոշում են արտահայտել, ապա անհասկանալի է մնում, թե ինչ է եղել այն քվեաթերթիկների հետ, որոնք «անվավեր» են ճանաչվել:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ իր աղբյուրներից կարողացավ ճշտել, որ պատշաճ քվեարկության նշանի փոխարեն ԱԺ երկու պատգամավոր ուղղակի հայհոյախառն արտահայտություններ են գրել, ըստ ամենայնի, Հրայր Թովմասյանի հասցեին: Կատարվածն ուշագրավ է այնքանով, որ քաղաքական մեծամասնության համար այս քվեարկությունը կյանքի ու մահու հարց էր, և ամեն ինչ արվեց, որպեսզի անգամ եվրոպաներից պատգամավորները գան, հասնեն, և ԱԺ-ն կարողանա բարձր ձայներով անվստահություն հայտնել ՍԴ նախագահին:
Եվ, ահա, գտնվում են 2 ազգընտիրներ, որոնք փոշիացնում են իրենց քվեները: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ բոլորով կողմ են քվեարկելու նախագծին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովում գրեթե համոզված են եղել, որ երկու «անվավեր» քվեաթերթիկների հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ են եղել՝ բարկացած իրավիճակի վրա»,-գրել է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: