չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զանգեք՝ «ՀԺ» ճշտեք, նման խոսակցություն չկա և չի կարող լինել․ Ալեն Սիմոնյանը՝ Armtimes-ի հոդվածի մասին

Զանգեք՝ «ՀԺ» ճշտեք, նման խոսակցություն չկա և չի կարող լինել․ Ալեն Սիմոնյանը՝ Armtimes-ի հոդվածի մասին

Արցախի վերաբերյալ բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս՝ նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանություններին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խոսելով խաղաղության պայմանագրի և քննարկվող ստորագրվելիք փաստաթղթի մասին, Սիմոնյանը ասաց, որ չկա փաստաթղթի որևէ օրինակ։

«ՀՀ-ն երբևէ տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից, Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991թ-ից, տարածքային պահանջի մասին երբևէ խոսք չի գնացել, խոսքը միշտ եղել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին և չեմ կարծում Արցախ բառը պետք է լինի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ։ Մենք պատրաստ ենք կնքել այդ պայմանագիրը՝ միջազգային նորմերին համապատասխան»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին միութենական պետության մեջ մտնելու պահանջ կամ առաջարկ եղե՞լ է, Սիմոնյանը ասաց․ «Ես իմ ռուս գործընկերների հետ նման խոսակցության ականատես չեմ եղել, նման խոսակցություն չկա և ինձ համար չի էլ կարող լիել, ՀՀ-ի անկախությունը և ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն»,- ասաց Սիմոնյանը՝ բացառելով, որ նման առաջարկի դեպքում ինքը տեղեկություն չունենար։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում լույս տեսած հավաստի հեղինակի հրապարակումներին՝ Սիմոնյանն ասաց․ «Չգիտեմ լրագրողի նպատակը որն է եղել դա գրելու, բայց այն, ինչ գրվում է մի լրատվամիջոցում, որը կարելի է կապել գործող իշխանությունների հետ, չի կարելի վերագրել իշխանությունների ցանկություններին»։

Ճշտող հարցին՝ հավաստի համարում է  այդ աղբյուրը, ԱԺ նախագահը պատասխանեց․

«Ոչ, չեմ համարում, ես նման ինֆորմացիա չունեմ և չեմ համարում, որ նման բան Հայաստանում պետք է քննարկենք, ինձ համար ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը անքննելի են։ Զանգե՛ք «Հայկական ժամանակ» ճշտեք, ես ասում եմ չկա որևից է նախապայման»։

  • Կիսվել: