հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զախարովան խոսել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման մասին

Զախարովան խոսել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունվարի 14-ին Մոսկվայում ՌԴ-ի միջնորդությամբ հայ-թուրքական երկխոսության գծով Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպմանը:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասել է. «Երկխոսությունը, ինչպես հասկանում եք, երկու երկրի միջև է, մենք այդ ձևաչափում ընդգրկված չենք: Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ աջակցություն երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, երկխոսության կառուցմանը, շփումների կարգավորմանը և գործնականում այդ ամենին աջակցություն ենք ցուցաբերել»:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2021–ի դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։

Թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

  • Կիսվել: