ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զախարովան հայտնել է Հայաստանի ղեկավարության հետ Լավովի հանդիպումների օրակարգը

Զախարովան հայտնել է Հայաստանի ղեկավարության հետ Լավովի հանդիպումների օրակարգը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում Հայաստանի ղեկավարության հետ մտքերի մանրամասն փոխանակում կանցկացնի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ կքննարկվեն երկկողմ դաշնակցային հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում համակարգման ամրապնդմանը վերաբերող հարցեր։ «Մոսկվան գոհունակությամբ ընդգծում է, որ հաշվի առնելով այս տարի նշվող Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, երկկողմ շփումներն առանձնանում են բարձր ինտենսիվությամբ։ 2022 թվականին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնական այց, ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այց, Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ, ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու համար ՌԴ Պետդումայի նախագահի այց։ Արտերկրում ռուսական հաստատությունների գծով ամեն օր երկխոսություն է ընթանում։ Հունիսի 10-ին Սերգեյ Լավրովը Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Հանդիպման մասնակիցները կամփոփեն այս կառույցի շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները, կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի խորը փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի, կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման վերաբերյալ։

Հանդիպումից հետո կստորագրվի 2022-2024 թվականների համար ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունների պլանը։

 

  • Կիսվել: