երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Յուրաքանչյուրս մեր հնարավորությունները պետք է ծառայեցնենք Հայոց բանակի հզորացմանը. Էդվարդ Հովհաննիսյան

Յուրաքանչյուրս մեր հնարավորությունները պետք է ծառայեցնենք Հայոց բանակի հզորացմանը. Էդվարդ Հովհաննիսյան

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ:
 
«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, այսօր նշում ենք Հայոց բանակի օրը: Բանակ, որը ծնվեց հայ ժողովրդի համար բարդ ու ծանր ժամանակաշրջանում, հավաքական կամքի ու ոգու արդյունքում՝ դարռնալով մեր նորանկախ հայկական պետականության առանցքը:
 
Բանակն իր ստեղծման օրվանից միշտ զգացել է համայն հայության անվերապահ սերն ու հարգանքը, որը պայմանավորված չի եղել միայն կերտած հաղթանակներով, ձեռքբերումներով ու լեգենդ դարձած անհատներով, այլև, ինչ խոսք, ցավալի կորուստներով:
 
Հավատալով մեր պետության լուսավոր գալիքին՝ այսօր գլուխ եմ խոնարհում հանուն այդ հավատամքի նահատակված մեր բոլոր հերոսների վառ հիշատակի առաջ: Շուտափույթ ապաքինում և մեծ ուժ եմ մաղթում մեր վիավորներին, ոգու ամրություն և համբերություն՝ մեր հերոսածին ծնողներին ու հերոսների հարազատներին:
 
Այո, մեր ցավն այժմ մեծ է: Միաժամանակ մեծ է նաև հայի ապրելու և ապրեցնելու կամքը, արարելու և հզորանալու վճռականությունը: Եվ միայն այս ճանապարհով մենք կարող ենք որպես ազգ ու պետություն շարունակել մեր հարատևության ուղին և արժանին մատուցել մեր հերոսների հիշատակին:
 
Իսկ այսօր յուրաքանչյուրս մեր հնարավորությունները պետք է ծառայեցնենք Հայոց բանակի հզորացմանը, լինենք նրա կողքին՝ անցանկալի փորձություններն արժանապատիվ կյանքի ու հաղթանակի վերածելու համար: Աստված պահապան հային ու Հայաստանին: Փառք Հայոց բանակին»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: