Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են․ Սեյրան Օհանյան
Մեր գործընկերները, լինելով պատգամավոր, անձեռնմխելիությամբ են օժտված, և եթե օրվա իշխանությունն ազատ չարձակի, մենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն:
Այս մասին Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքի ժամանակ ասաց ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ, «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Կարծում եմ՝ մեր դաշինքի անդամ–գործընկերները, Սյունիքի համայնքապետներն այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են, և օր առաջ օրվա իշխանությունները նրանց պետք է ազատ արձակեն:
Այսօրվա իշխանությունն է խոսում ատելության խոսքի, փոխադարձ հանդուրժողականության մասին և, ըստ էության, ընտրություններից հետո, երբ մենք ֆիքսել ենք բազմաթիվ թերություններ, բազմաթիվ խախտումներ, նաև վարչական ռեսուրսի կիրառման և ուղղորդման դեպքեր, այդ ամենից հետո հետապնդել մեր թիմի անդամներին, երբ նրանք արդեն ընտրվել են պատգամավոր, գնալ կեղծ քրեական գործեր կազմելուն, դա անընդունելի է այս հասարակության մեջ»,- ասաց Օհանյանը:



