ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն․ Փաշինյան

Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն․ Փաշինյան

Նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը: Ինչո՞ւ ենք ասում ապօրինի, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հայերի, Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ ապահովելու համար: Այս մասին CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում (ներկայացվել է պաշտոնական թարգմանությամբ) ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ համաձայն եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը որևէ վերահսկողություն այդ միջանցքի նկատմամբ չպետք է ունենա: Ընդ որում՝ միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ անվտանգության գոտի: Արգելափակումը, այդ բերումով, ապօրինի է: Արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացել է հումանիտար ճգնաժամ, որովհետև նախ մարդիկ զրկված են տեղաշարժի իրավունքից, երկրորդ՝ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները տեղի են ունենում ընդհատումներով՝ խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով: Եվ դրա հետևանքն այն է, որ մարդիկ ապրանքներ խանութներից կարող են գնել միայն կտրոններով, որոնք թողարկվել են Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից, որպեսզի սննդի պաշարները կարողանան կառավարել»,- ասել է նա:

Փաշինյանն ասել է, որ նախորդ տարվա դեկտեմբերից շարունակական բնույթ են կրում Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի անջատումները, և այս պահին էլ բնական գազ և էլեկտրական էներգիա Լեռնային Ղարաբաղին չի մատակարարվում․ «Ձմռան ամիսներին դրա ամենակարևոր հետևանքն այն էր, որ փակվել էին բոլոր դպրոցները և մանկապարտեզները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, և շուրջ 30 000 երեխաներ և ուսանողներ զրկվել էին կրթության իրավունքից: Իհարկե, եղանակների տաքացման հետ, արդեն և՛ մանկապարտեզները, և՛ դպրոցները, և՛ բուհերը բացվել են, և կրթական պրոցեսը վերականգնվել է»:

«Հաջորդ կարևոր հանգամանքը, որ այս իմաստով պետք է նշել հետևյալն է. 2023 թվականի արդեն փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշում կայացրեց, որով Ադրբեջանին պարտավորեցնում էր ապաարգելափակել Լաչինի միջանցքը՝ ապահովելու քաղաքացիների և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով: Ադրբեջանն այդ որոշման պահանջը, որն իրավական պարտադիր ուժ ունի, որովհետև Արդարադատության միջազգային դատարանը միջազգային բարձրագույն դատական ատյանն է, ըստ էության, ոչ միայն չկատարեց, այլև մոտ տասն օր առաջ ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում: Սա արդեն ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլև Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման խախտումն է»,- ասել է նա:

«Հիմա, ինչո՞ւ է Ադրբեջանն այս ամենն անում: Մեր գնահատականը և համոզմունքն այն է, որ սրանք առանձին վերցրած գործողություններ չեն, այլ նախապատրաստություններ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու, երբ խոսքը գնում է էթնիկական զտումների մասին, խոսքը այն մասին է, որ ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

  • Կիսվել: