կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ընտրվելու դեպքում ԱԺ փոխնախագահի պաշտոնը չի փոխելու ընդդիմության առաջնահերթությունները․ Սաղաթելյան

Ընտրվելու դեպքում ԱԺ փոխնախագահի պաշտոնը չի փոխելու ընդդիմության առաջնահերթությունները․ Սաղաթելյան

 Ընտրվելու դեպքում ԱԺ փոխնախագահի պաշտոնը չի փոխելու ընդդիմության առաջնահերթությունները, մեր պայքարի թիրախները: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակա հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված՝ ԱԺ-ի փոխնախագահի գործունեությունը ծառայելու է անցնող ամիսներին քաղաքական հրապարակային պայքարի ելած իմ ընկերների, հազարավոր մեր զինակից հայրենակիցների պահանջներին, որոնք իրավացի են»,- ասաց Սաղաթելյանը:

Նա պնդեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած իշխանությունը պետք է հեռանա, գործող իշխանության հետ նա ապագա չի տեսնում:

«ԱԺ փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու եմ ընդդիմության ձայնը ԱԺ-ի նախագահությունում և խորհրդում: Լիարժեք իրացնելով փոխնախագահին տրված լիազորությունները՝ հակազդելու եմ այն բոլոր վտանգներն ու սպառնալիքներին, որոնք կանգնած եմ մեր պետականության առջև: Վստահ եղեք, որ ԱԺ փոխնախագահի իմ այդ կարգավիճակը չի փոխելու ոչ մեր առաջնահերթությունները, ոչ ընդհանուր պայքարի թիրախները, ոչ էլ օրակարգերը: Ես շարունակելու եմ իմ պայքարն այս դահլիճում՝ կապ չունի նստած կլինեմ նախագահությունում, թե ներքևում: Ես շարունակելու եմ իմ պայքարը Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և բոլոր այն հարթակներում, որտեղ դրա կարիքը կա»,- ասաց Սաղաթելյանը:

Նա ԱԺ փոխնախագահի աշխատանքը ևս մեկ լրացուցիչ գործիք է համարում ընդդիմության համար, որով հնարավոր է քաղաքական հարթակ բերել և հետապնդել ազգային պետական շահը սպասարկող քաղաքական օրակարգեր: Ըստ Սաղաթելյանի՝ իրենց ուժին քվեարկողները քվեարկել են ոչ միայն իրենց ԱԺ գործուղելու, այլ նախ և առաջ իրենց միջոցով օրվա իշխանությանը հեռացնելու, Հայաստանի և Արցախի առջև ծառացած նոր սպառնալիքները կանխելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: «Թեև ընտրությունների միջոցով դեռևս մեզ չի հաջողվել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից ևս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, որ մեր  համատեղ պայքարը կանգ չի առել»,- ասաց նա ու շեշտեց՝ նպաստելու է  սփյուռքի հետ վստահության խորացմանը, խորացնելու է խորհրդարանի և Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների միջև գործակցությունը՝ ի նպաստ Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի:

  • Կիսվել: